Մերկուրի

Մերկուրի կամ Փայլածու, Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրիի ուղեծիրը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։ Մերկուրիի ուղեծրի պերիհելին Արեգակի շուրջ պտտվում է (պրեցեսիա) 43 աղեղնային վայրկյանով մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում Ալբերտ Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսությունում։ Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը Երկրից դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անկյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°։ Այդ պատճառով Մերկուրին հիմնականում կորում է Արեգակի թագի փայլի մեջ։ Եթե չլինի Արեգակի խավարում, Մերկուրին կարելի է դիտարկել միայն արևամուտի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ արևածագի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում։

0 comments